ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանության է արժանացել Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրերի փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիրը։
«Համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին ներկայիս նախագծով նախատեսվում է փոփոխել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Ռուսաստանի տարածքով մուտքի, ելքի, կացության և տեղաշարժի համար փաստաթղթերը` ցանկից հանելով «օտարերկրյա պետություններում գործողության ժամկետի նշումով» բառերը»,- նշված է որոշման հիմնավորման մեջ:
Այս համաձայնագիրը կարգավորում է երկու պետությունների քաղաքացիների փոխայցելությունների ռեժիմը, սահմանում, որ մի կողմի պետության քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ, տեղաշարժվել և գտնվել մյուս պետության տարածքում առանց արտոնագրերի:
Գործադիրը նշում է, որ 2024 թվականից ուժը կորցրած է ճանաչվել կառավարության որոշմամբ սահմանված ՀՀ քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու իրավական հիմքը:
«Համաձայնագրի կնքումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1.1 Արտաքին քաղաքականություն ենթագլխից՝ «Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով, ներառյալ՝ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտները, Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը»,- ասված է հիմնավորման մեջ: