ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ նրանք քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ։
«Կողմերը պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները: Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը»,- հավելել են արտաքին գերատեսչությունից։
ԱԳՆ-ում նաև ընդգծել են, որ երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ։
Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը թվով երկրորդն է երկկողմ ձևաչափով։ Բանակցություններն, ընդհանուր առմամբ, տևել են ավելի քան 5 ժամ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հանդիպմանը կողմերը քննարկել են նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը, և բանակցությունները «կառուցողական» էին անվանել:
Հայաստանի կառավարությունը պաշտոնապես դեմ է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությանը» և պնդում է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղի տրամադրելու դեպքում պետք է լիովին պահպանվեն ՀՀ ինքնիշխանության և իր տարածքի ու ենթակառուցվածքների նկատմամբ իրավասության սկզբունքները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը։ Նա ընդգծել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։
«Քարնեգի» կենտրոնը հունիսի 30-ին հաղորդել էր, որ ԱՄՆ-ն, փորձելով տեղաշարժել խաղաղության գործընթացը, հնարավոր է փորձի համոզել Ադրբեջանին՝ հրաժարվել Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ պահանջներից։ Հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն ներկայացրել է սեփական ծրագիրը Երևանին և Բաքվին՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հուլիսի 8-ին հույս էր հայտնել, որ հարավկովկասյան երկու երկրների միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի։
ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մայիսին՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։