Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը, Armenia Today-ին հայտնեցին Վերաքննիչ քրեական դատարանից։
Կարապետյանի պաշտպանության խորհրդից փաստաբաններն Armenia Today-ին հայտնել են, որ արդարացի որոշման ակնկալիք չունեին։ Փաստաբաններ Ռուբեն Հակոբյանը և Արամ Վարդևանյանն Armenia Today-ին տեղեկացրել են, որ իրավաբաններից որևէ մեկը պաշտոնապես տեղեկացված չէ դատարանի որոշման մասին։
«Մեզնից որևէ մեկը նույնիսկ չի զանգահարել Վերաքննիչ, քանի որ ակնկալիք էլ չունեինք, որ արդարացի որոշում կլինի»,- նշել է Հակոբյանը։
Վարդևանյանը, հաշվի առնելով, որ Կարապետյանի գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, նշել է, որ նրա որոշումը մեկնաբանելու կարիք չի տեսնում։
«Արմեն Դանիելյան և արդարադատություն ակնկալում եզրույթներն անհամատեղելի են, որովհետև ի՞նչ որոշում պետք է կայացներ տարիներ շարունակ ամենացածր վարկանիշ ունեցող դատավորը, այդ ամենը չէր կարող առնչություն ունենալ»,- ասել է փաստաբանը։
Վարդևանյանը հավելել է, որ Կարապետյանի իավունքների պաշտպանության վերաբերյալ գործողություններ են նախապատրաստում, որոնք, սակայն, որևէ կապ չունեն «ամենացածր վարկանիշն ունեցող դատավորի հետ»։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
Հուլիսի 4-ին՝ ժամը 18։00-ին, Մաշտոցի պողոտայի Դիանա Աբգարի այգու մոտ («Սիզնս») կսկսվի երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի և անարդարության դեմ։
Կարդացեք նաև՝