Դատարանը մերժել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը, տեղեկացրել է փաստաբան Երեմ Սարգսյանը։
Ըստ նրա՝ շուրջ 7 ժամ տևած դատական նիստում մանրամասն ներկայացրել են «մեղադրանքն անհիմն լինելու, այն հաստատող ապացույցներ քրեական վարույթում չլինելու վերաբերյալ հիմնավորումները»։ Փաստաբանի խոսքով՝ հաշվի է առնվել այն, որ Աբրահամյանին նախկինում ևս նույն հոդվածներով մեղադրանք էր ներկայացված և խափանման միջոց էր կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը, որի պարագայում Աբրահամյանը պատշաճ վարքագիծ է դրսևորել, այդ 7 տարվա ընթացքում գործի քննությանը որևէ կերպ չի խոչընդոտել։
Փաստաբանը պարզաբանել է, որ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։
Հունիսի13-ին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարիա Օհանջանյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Աբրահամյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
2023թ. ապրիլին Գլխավոր դատախազությունը հայտնել էր Աբրահամյանին առնչվող ևս մեկ գործի մասին: Նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար:
Դատախազությունը Աբրահամյանից, նրա կնոջից, որդուց, դստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործն ընդունվել էր վարույթ: Գլխավոր դատախազությունը պահանջ էր ներկայացրել դատարանին վերոնշյալ անձանցից հօգուտ ՀՀ բռնագանձել 59 անշարժ գույք, 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր: