ԿԳՄՍՆ-ի նախաձեռնությամբ Վանաձորի մարզահամալիրում ՀՀ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների միջև կայացած «Սպորտլանդիա» մարզական մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող են ճանաչվել Սյունիքի մարզի Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի և Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցների թիմերը, հայտնել է նախարարությունը։
Ըստ հրապարակման՝ սյունիքյան թիմը լավագույն արդյունքն է ցուցաբերել եզրափակիչ փուլով անցկացված 5 վարժությունում՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք՝ արգելքների հաղթահարմամբ, փոխանցավազք՝ մարմնամարզական օղակներով, վարժություն՝ մանկական երկանիվ հեծանիվով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում:
Երկրորդ տեղն զբաղեցրել է Լոռու մարզի Լեռնահովիտի Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը՝ Երևանի Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցի թիմը:
1-3-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և ՀՀ բոլոր մարզերի 406 դպրոցի 4060 աշակերտ է մասնակցել:
Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի թիմը լավագույն արդյունքն է ցույց տվել եզրափակիչ փուլի 5 վարժությունում: Երկրորդ տեղն զբաղեցրել է Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 6 դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոցը:
4-6-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման նախընտրական փուլերին Երևանի և ՀՀ մարզերի 540 դպրոցի ավելի քան 5400 աշակերտ է մասնակցել:
Միջոցառման մասնակիցները ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել են մարզահագուստով և մարզագույքով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը` նաև գավաթներով ու մեդալներով։