WBU վարկածով աշխարհի չեմպիոն Յուրի Սաքունցը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացած պրոֆեսիոնալ մենամարտի առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել թաիլանդացի մրցակից Ափհիսիթ Նուալեին, հայտնել է Սաքունցի մամուլի ծառայությունը։
Մենամարտը տեղի է ունեցել շոուի շրջանակներում։ Սաքունցը մենամարտը սկսել է ամբողջական վերահսկողությամբ՝ ցուցադրելով բացառիկ տեխնիկա, մարզվածություն և մարտական ինտուիցիա։ Հարվածների ճշգրտությունը և հստակությունն այնքան մեծ էր, որ արդեն առաջին ռաունդի ավարտից առաջ մրցավարը կանգնեցրել է մենամարտը՝ գրանցելով շեշտակի հաղթանակը։
Մենամարտից հետո Սաքունցը ելույթ է ունեցել՝ հաղթանակը նվիրելով «Արաբո» ջոկատի մարտիկներին։
Փետրվարին Սաքունցը Չեխիայում հաղթանակ էր տարել չեխ բռնցքամարտիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 2024 թվականի նոյեմբերին նա Չեխիայի բռնցքամարտի առաջանությունում հաղթել էր թուրք մրցակից Ռիչարդ Ալկանին՝ նվաճելով չեմպիոնական գոտին։