Ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով աջակցության և շնորհավորանքների համար։ Նա նշել է, որ սա ոչ միայն, այլ բոլորի հաղթանակն է։
«Շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար։ Սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է, ոչ-ոքի չեմ առանձնացնի։ Բոլորիս ջանքերով նվաճեցի Մ23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն կոչումը։ Շնորհակալ եմ, որ կաք, որ իմ կողքին եք։ Կուղղեմ սխալներս, որպեսզի հաջորդ մրցաշարերին նույնպես լավ մարզավիճակով ներկայանամ։ Դեռ դժվար ճամապարհներ պետք է անցնենք՝ մեկս մյուսին օգնելով ու հավատալով»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 7։5 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Թայիրբեկ Ժումաշբեկի նկատմամբ։