Եթե «համատեղենք երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի հյուրերի քանակը և միջինացված ծախսը», ապա կստացվի, որ ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը մեր կառավարության կողմից, Ֆեյսբուքում գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:
Նա շեշտել է, որ հանրահայտ աստղի համերգին միջինում 15 000 օտարերկրացի է մասնակցելու:
«Ինչո՞վ է կարևոր այս թիվը, նրանով, որ մեր հյուրերը (առնվազն գերակշիռ մասը) համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է, և եթե միջինացնենք միջին զբոսաշրջիկի ծախսման միավորը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 դոլար կթողնի մեր տնտեսության մեջ՝ չհաշված մեր երկրի հեղինակությունն ու աշխարհի հանրության ճանաչելիության հարցը, ինչն անգին է: 15 000×500=7 500 000»,- նշել է Փամբուխչյանը:
Երգչուհին այսօր է ժամանել Երևան, համերգը նախատեսված է օգոստոսի 3-ին Up All Night համաշխարհային շրջագայության շրջանակներում։ Նրա երևանյան համերգի նախօրեին հյուրանոցի բոլոր ազատ համարներն սպառվել են։
Հուլիսի 31-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ ու լրացումներ էր կատարել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի վերաբերյալ իր որոշման մեջ, ըստ որի ռեփեր Սնուփ Դոգի փոխարեն Երևանում համերգով հանդես կգա Լոպեսը։