ՀՀ ՊՆ զինծառայողները և ԲԸՏՄ աշխատակիցները փրկել են 4 ամսական հյուծված արջի քոթոթին, հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Զինծառայողներն ահազանգել են տեսչական մարմնին և տեղեկացրել, որ Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթ են գտել։
ԲԸՏՄ աշխատակիցները ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել են Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և բուժօգնություն ստանալու նպատակով։
Նշվում է, որ շուրջ երեք շաբաթ նախնական կազդուրման և վերականգնման շրջանը հաղթահարելուց հետո արջի ձագը տեղափոխվել է Ուրցաձորի Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի կենդանիների ապաստարան, որտեղ մշակված ծրագրով, բնական միջավայրում կկազմակերպվի կենդանու հատուկ խնամքը՝ հետագայում քոթոթին վայրի բնություն բաց թողնելու համար։