Ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի դեմ մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները մտահոգիչ են, Սուրբ Հարության տոնի իր պատգամում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Նա հորդորել է ազգի շահը վեր դասել անձնական ու խմբային նկրտումներից։
«Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային ու հայրենական մեր կյանքը ևս գտնվում է լրջագույն հիմնախնդիրների առջև։ Անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով։ Հավաքական մեր հիշողության մեջ որպես բաց վերք է շարունակում մնալ քսաներորդ դարասկզբին՝ 110 տարի առաջ, Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը խորանում է այդ սոսկալի ոճրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով և աշխարհում տեղ գտնող նոր ցեղասպան գործողություններով։ Ոճրագործ այդ դրսևորումներից էր վերջերս մեր ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը՝ Արցախի բռնազավթումը և արցախահայության բռնի տեղահանությունը հայրենի հողից»,- նշել է կաթողիկոսը։
Գարեգին 2-րդը շեշտել է՝ Տիրոջ Հարության շնորհի ժառանգորդներն ենք և այդ անխախտ հավատով ի զորու ենք մեր տառապանքներն ու կորուստները վերափոխելու ազգային վերածննդի՝ հավատարիմ մնալով տերունավանդ պատգամներին, անսակարկ սեր ու նվիրում դրսևորելով մեր ժողովրդի ու հայրենիքի հանդեպ։
«Հայրապետական մեր հորդորն է՝ ազգի շահը վեր դասել անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից։ Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը։ Համախմբվենք մեր հավատքի, ինքնության, արժեքների, պատմության, մեր պետության և ապագայի համընդհանուր տեսլականի, այն ամենի շուրջ, ինչը նվիրական է, ինչը միավորում է մեզ ամենքիս որպես ազգ ի Հայաստան և ի սփյուռս։ Միաբանությունն է մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը։ Արդ, լինենք միաբան ու միասնական՝ համախոհությամբ և մեր ողջ ներուժի գործադրումով դիմագրավելու մեզ պատուհասած փորձությունները»,- հավելել է Վեհափառը։
Կաթողիկոսի խոսքով՝ «ողբերգություններն ու դժվարությունները կդադարեն, եթե ապրենք հավիտենական կյանքի համար, ամենուր Փրկչի օրինակով խավարի մեջ լինենք լույսի ջահակիրներ, լինենք մարտիկներ ընդդեմ անարդարության ու չարիքի»։
«Մեր ազգի ու հայրենիքի վերհառնումը նաև իրական դարձնենք նոր զավակների ծնունդով և մատաղ սերնդի արժանավոր կրթությամբ ու դաստիարակությամբ՝ ապահովելով հայության հարատև ընթացքը դեպի գալիքի հուսառատ հորիզոններ։ Մեր ժողովուրդը, որ Փրկչին ապավինած ավերներ ու նախճիրներ է հաղթահարել, չի կարող այսօր հանձնվել ու տրվել մահին, այլ պիտի լինի կրողը հարության հույսի ու շնորհի՝ աննկուն ոգով և անխախտ հավատով միշտ ազդարարելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Տիրոջ սերը, օգնականությունն ու ողորմությունը թող պահապան լինեն ազգիս ու հայրենյաց»,- ընդգծել է կաթողիկոսը։
Ապրիլի 20-ին քրիստոնյա աշխարհը, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարում Սուրբ Հարության հայրապետական պատարագ է մատուցվել։