Ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Մեցդորֆը Հայաստանում հանդիպել է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Այս մասին պատգամավորը հայտնել է X-ի իր էջում։
«Շատ ուրախ եմ այսօր Հայաստանում լինելու համար։ Ադրբեջանն այս տարածաշրջանում էթնիկ զտումներ է իրականացրել հայերի նկատմամբ: Ֆրանսիան չպետք է որևէ բան թույլ տա՝ ի դեմս այս բռնապետության, որն ապակայունացնում է մեր տարածքներն ամբողջ աշխարհում»,- գրել է Մեցդորֆը:
2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել էր 223 մարդ, որից 25-ը՝ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 5 անչափահաս։ Մարտերի ընթացքում վիրավորվել էր 244 մարդ, որոնցից մոտ 80-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 10 անչափահաս։ 20 մարդ անհետ կորել էր, որոնցից 5-ը խաղաղ բնակիչներ են։ Այս իրադարձություններից հետո ավելի քան 100 հազար հայեր ստիպված Արցախից տեղափոխվել էին Հայաստան։