Երևան քաղաքում 54-ամյա տղամարդու նկատմամբ ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրի մոտ սպանության փորձ է տեղի ունեցել, դեպքի առթիվ ձերբակալվել է 40-ամյա բնակիչ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին «Աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել վերոնշյալ տղամարդը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ և 1 գնդակ: Պարզվել է նաև, որ կրակոցների արդյունքում վնասվել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան»,- տեղեկացնում է ՔԿ-ն:
Հաղորդում են, որ հոկտեմբերի 19-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել Երևան քաղաքի 40-ամյա բնակիչը՝ միաժամանակ ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը` փամփուշտներով:
«Ստացված նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով հանցագործության պատճառ է հանդիսացել միջանձնային խնդիրները։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով վերջինս ձերբակալվել է»,- նշվում է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 19-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում կրակոցներ հնչելու վերաբերյալ ահազանգ են ստացել, մեկ անձ դիմել է բուժհաստատություն։ Դեպքի առթիվ նախաձեռնել էին քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ՝ պատժվում է առավելագույնը 15 տարի ժամկետով)։