Երևանի կենդանաբանական այգում միջերկրածովյան կրիաներն ունեցել են 6 ձագուկ։ Այս մասին հայտնում է այգու Ֆեյսբուքի էջը։
«Այս անգամ էլ ակվատերարիումում նոր ծին ունենք: Միջերկրածովյան կրիաներն ունեցել են 6 ձագուկ: Այնքան փոքրիկ ու գեղեցիկ են: Տեսակի զուգավորման շրջանը մայիսից հուլիս ամիսների ընթացքում է, երբ նրանք դուրս են գալիս ձմեռային քնից։
Զուգավորումից հետո էգը սկսում է փորել հողը, նույնիսկ համտեսել` փնտրելով իդեալական տեղ ձվադրելու համար։ Ձվադրում են մոտ 3֊4 ձու։ Կախված ջերմաստիճանից՝ ձագերը ձվից դուրս են գալիս 65-75 օր անց»,- ասված է հայտարարությունում։
Միջերկրածովյան կրիաները ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում են որպես խոցելի տեսակ։ Բնակության արեալն ընդգրկում է Հյուսիսային Աֆրիկան, հարավային Եվրոպան և հարավարևմտյան Ասիան: Տարածված են Կովկասի սևծովյան ափին։ Հայաստանում հանդիպում է միջերկրածովյան կրիայի հայկական ենթատեսակը, որը հայկական լեռնաշխարհի էնդեմիկ է։