Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է, հայտնել է «Սրբազան պայքար» շարժումը։
«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ Գալստյանը կտեղափովի «Նուբարաշեն» ՔԿՀ։ Դատարանը սահմանափակել է նրա տեսակցությունները՝ բացառությամբ մերձավոր ազգականների։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ հունիսի 24-ին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանի հնչեցրած սպառնալիքներն ու դրան հաջորդած ապօրինի ձերբակալությունները, մասնավորապես՝ ԱՀ ԱԺ պատգամավոր Գալստյանի, ով մասնագիտական աշխատանքի բերումով խոսում էր արցախցիների իրավունքներից, բացահայտում են ճնշումների իրական նպատակն ու բնույթը։
Թորոսյանը հայտարարել էր, որ «օրենքը խախտողների նկատմամբ կոմպրոմիսներ չեն լինելու՝ կապ չունի նրանք նախկինում կամ ներկայում ինչ կարգավիճակ ունեն»։
Ավելի ուշ շարժումը հայտնել է Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի երկու ամսով կալանավորման մասին։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման աջակիցների տներում քննչական, վարութային գործողություններ իրականացնելու պատճառը «ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու» ծրագիրն էր, ինչը կանխվել է։ Կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր կառավարական կայքերի վրա կիբեռհարձակումների, զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու համար խմբերի ձևավորման, ինչպես նաև իշխանությունը փոխելու համար ուժի կիրառման սցենարների թույլտվության մասին ձայնագրություններ։
Իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործը հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա՝ որակելով այն պետության «Հեղաշրջման պլան»։
ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ 16 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։Նրանց թվում է նաև Գալստանյանը։ Շարժումը հրապարակել է ձերբակալված 13 անձանց անունները՝ Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան, Լիդյա Մանթաշյան։