Լաչինի միջանցքից առևանգված երեք անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
«Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով»,- ասվում է հայտարարությունում:
Նշվում է, որ հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացվ լրացուցիչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող ուսանողների։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր առևանգված քաղաքացիների անունները։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի տեղափոխությունը նախապես համաձայնեցված էր և իրականացվում էր ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, որոնք 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն պետք է վերահսկեին Լաչինի միջանցքով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապը։
Ավելի ուշ Ադրբեջանի դատախազությունը հայտնել էր առևանգված արցախցիներին 10 օր վարչական կալանքի ենթարկելու մասին։