Նման հայտարարությունները տեղին չեն ու մենք չենք կարծում, թե որևէ կերպ կարող են նպաստավոր լինել Արցախյան հարցի կարգավորման համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ «Մադրիդյան սկզբունքներով» նախկին իշխանությունները Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչել։
«Ամեն կերպ պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը։ Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա կնշանակի մի նոր ցեղասպանություն՝ հայ ժողովրդի նկատմամբ, կնշանակի հայաթափում։ Մեր ժողովուրդը չի հաշտվի այդ հանգամանքի հետ»,-ասաց կաթողիկոսը։
Հարցին՝ շարունակո՞ւմ է արդյոք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ նա նշեց, որ 2020-ին հայրական հորդոր է ուղղվել։
«Եվ, բնականաբար, հայրական հորդորը ժամանակով չի սահմանափակվում։ Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ և լուծմամբ, որոնք այդ հայրական հորդորի հնչեցման հորդորի առիթ են դարձել։ Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ մեր երկրի իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Կատարվում են սխալ և անընդունելի արտահայտություններ՝ կապված Արցախի կարգավիճակի հետ»,-ասաց կաթողիկոսը՝ օրինակ բերելով Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը։
Հիշեցնենք նաև, որ օրերս ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն լիարժեքորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա հայտնել էր, որ «Մադրիդյան սկզբունքներով» Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում։ Երեկ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել էր Փաշինյանի պնդումներին։ Արցախի ԱԺ-ն անընդունելի էր համարել ՀՀ վարչապետի՝ Արցախի կարգավիճակն անտեսելու վերաբերյալ հայտարարությունը։