Սիրիայի ուղղափառ եկեղեցին դատապարտել է Հայաստանի իշխանությունների գործողությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Այս մասին հայտարարությունն X-ի էր էջում տարածել է Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ Երկրորդը:
Սիրիական եկեղեցին իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայոց եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
«Ցանկացած փորձ՝ կասկածի տակ դնելու նրա սրբազանությունը, խախտելու ներքին կառավարումը կամ հետապնդելու հոգևորականներին, ներկայացնում է կրոնական ազատության և եկեղեցու ամբողջականության լուրջ ոտնահարում»,- ասված է հայտարարության մեջ։
Սիրիայի եկեղեցին ընդգծել է, որ եպիսկոպոսների և հոգևորականների կալանավորումը, սրբավայրերի նկատմամբ ոտնձգությունները և եկեղեցու կանոնական կյանքի մեջ միջամտությունները գործողություններ են, որոնք կարող են ընկալվել որպես ազգի հոգևոր հիմքերի և եկեղեցու նվիրական ինքնավարության խաթարում։
«Սիրիայի ուղղափառ եկեղեցին վճռականորեն դատապարտում է նման գործողությունները և վերահաստատում իր անսասան հավատարմությունը կրոնական ազատության և եկեղեցու ինքնավարության սկզբունքներին»,- նշված է հայտարարության մեջ։
Սիրիական ուղղափառ եկեղեցին Հայաստանի իշխանություններին կոչ է արել՝ ցուցաբերել երկխոսություն, արդարություն և հարգանք այն սրբազան հաստատությունների նկատմամբ, որոնք ձևավորել և պահպանում են քրիստոնեական ժառանգությունը դարերի ընթացքում։
Մայիսի 29-ից սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայհոյանքներով լի մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից», հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև շարժման 14 աջակցի։ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները մեղադրվում են պետական հեղաշրջման և ահաբեկչության նախապատրաստության փորձ կազմակերպելու մեջ։ Նրանցից ոչ ոք չի ընդունում մեղադրանքը:
Դիտեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը