ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 11-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների, հայտնում է ՀՀ ԱԺ-ն։
Ըստ հաղորդակցության՝ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին:
Սոբհանին փետրվարի 6-ին հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի շահերին: Նա հավելել էր, որ Իրանն ու Հայաստանը համակարծիք են այս հարցում, և տարածաշրջանում միայն Թեհրանն է աջակցում Երևանին ապաշրջափակման վերաբերյալ այդ մոտեցմամբ։
Իրանի դեսպանն ընդգծել էր, որ Հայաստանն ու Իրանն աշխատում են համապարփակ ռազմավարական փաստաթղթի վրա։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը վերաբերելու է երկու երկրների համատեղ երկարաժամկետ ծրագրերին և պայմաններ է ստեղծելու բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման համար։