Մոսկվան և Թեհրանը պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով Իրան գազատարի երթուղու շուրջ, հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։
«Այժմ բանակցությունների վերջնական՝ գնի համաձայնեցման փուլում ենք։ Ծավալներն արդեն ճշտված են։ Գինը միշտ կոմերցիոն խնդիր է, փոխզիջումների որոնում, ուստի երկու կողմից էլ ստեղծվել են աշխատանքային խմբեր, և մասնագետները մշակում են գնագոյացման մոտեցում»,- նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Գործակալությունը նշել է, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանից Իրան գազատարով մատակարարումները առաջին փուլում կարող են կազմել 2 միլիարդ խորանարդ մետր, հետագայում՝ 55 մլրդ խմ հասցնելու հեռանկարով։
Ինչպես գրել է РБК-ն, «Գազպրոմը» և Իրանի Գազի ազգային ընկերությունը 2024 թվականի հունիսին ստորագրել էին Իրանին ռուսական գազի մատակարարումների կազմակերպման վերաբերյալ ռազմավարական հուշագիր։ Նշվում է, որ Իրանն ունի սեփական գազի հանքավայրեր և տարեկան արդյունահանում է մոտ 260 մլրդ խմ գազ, սակայն բախվում է դեֆիցիտի․ հանրապետությունում գազի ներքին սպառումը մնում է աշխարհում ամենամեծերից մեկը՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրների թույլ հասանելիության պատճառով: Իրանի իշխանությունները հույս ունեն նաև Ռուսաստանի, Կատարի և Թուրքմենստանի հետ միասին երկրի տարածքում գազային հանգույց ստեղծել։
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի և Իրանի նախագահները Կրեմլում ստորագրել են երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր, որը ներառում է բոլոր ոլորտները՝ ներառյալ պաշտպանությունը, հակաահաբեկչությունը, էներգետիկան, ֆինանսները, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մշակույթը, գիտությունը և տեխնոլոգիաները։ Փեզեշքիանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ եվրասիական տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն «առանց արտատարածաշրջանային ուժերի մասնակցության»։