Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է իսրայելական Rafael պաշտպանական ընկերության ղեկավար Յոավ Հար-Էվենի հետ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել «կարծիքների հանգամանալից փոխանակում Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական համագործակցության ամրապնդման կարևորության, տարածաշրջանային անվտանգության մեջ պետությունների ներդրման մասին»:
«Հատուկ ընդգծվել է նման հանդիպումների և փոխայցելությունների անհրաժեշտությունը ադրբեջանա-իսրայելական ռազմական կապերի ամրապնդման համար», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ իսրայելական ընկերության ղեկավարը Բաքվում է եղել «ADEX-2022» միջազգային պաշտպանական ցուցահանդեսին մասնակցելու համար:
Նշենք, որ Rafael-ը մտնում է իսրայելական սպառազինություն արտահանող չորս խոշորագույն ընկերությունների մեջ։