Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացրել է երկկողմ կլոր սեղան՝ ադրբեջանական և հայկական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հաջիևը նաև պատասխանել է հայկական պատվիրակության ներկայացուցիչների հարցերին։
Հաջիևը վերահաստատել է, որ Ադրբեջանը հանձնառու է Վաշինգտոնում համաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին։ Կարևորվել են երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրումների հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև TRIPP նախագծին, որի իրականացումը, ըստ քննարկման մասնակիցների, կարող է էական ազդեցություն ունենալ տարածաշրջանային տրանսպորտային համակարգի և ընդհանուր դինամիկայի վրա։ Հաջիևը նշել է, որ նոր համաշխարհային ցնցումների և պատերազմների պայմաններում Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովումը հատուկ նշանակություն ունի։
«Գլոբալ գործընթացների՝ Երրորդ համաշխարհային պատերազմին համեմատելի միտումների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ֆոնին, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության կարևորությունն ավելի մեծ է»,- ասել է նա։
Հաջիևը հայտարարել է նաև, որ «Հայաստանում որոշ ուժերի կողմից պատերազմի կոչերը» սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանի կայունությանը։
«Այս կոչերը ստեղծում են տարածաշրջանը կրկին անկայունության մեջ ներքաշելու վտանգ, ինչպես դա տեղի ունեցավ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին: Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ հայ հասարակությունն ինքն է ձգտում խաղաղության, և սա մեզ հույս է տալիս, որ գործընթացը խափանելու փորձ անող ուժերը, ի վերջո, կձախողվեն»,- ասել է նա:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունը տեղի է ունենում Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած համաձայնեցված երկկողմանի խաղաղության օրակարգի շրջանակներում։
2025 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկումը:
Փետրվարի 13-14-ին Ծաղկաձորում տեղի էին ունեցել երկու երկրի քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչների համաժողովի քննարկումներ։
Ապրիլի 10-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ-ից 20 պատվիրակ մեկնել է Ադրբեջան՝ քաղհասարակության երկկողմանի կլոր սեղանին մասնակցելու։ Այս անգամ հայկական պատվիրակությունն Ադրբեջան էր ժամանել ցամաքային սահմանով, հատել սահմանազատված և սահմանագծված հատվածը՝ անցնելով սահմանային և անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը։






































