Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի Խոմեյն քաղաքի դոկտոր Հաֆեզիի անվան դպրոցին, հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Մարքազի նահանգի նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալին:
Հարվածի հետևանքով շենքի շրջակայքի բնակելի տներ են վնասվել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նախկինում Իսրայելն արդեն հարվածներ էր հասցրել Խոմեյնի օբյեկտներին, այդ թվում՝ դպրոցին, աշակերտական ճամբարին, խանութին և վարչական շենքին:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ հակամարտության սկզբից ի վեր Իրանում դպրոց է թիրախավորվում: Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով երկրի հարավում գտնվող Մինաբ քաղաքի դպրոցում զոհվել էր առնվազն 175 մարդ:
AP News-ը, վկայակոչելով արբանյակային լուսանկարների և տեսագրությունների վերլուծությունը, հայտնել է, որ դպրոցի վրա կարող էր լինել Tomahawk թևավոր հրթիռով հարված: Bellingcat-ի հետազոտող Թրևոր Բոլը նույնպես ենթադրել է, որ հարվածի ժամանակ կարող էր օգտագործվել հենց այդ տիպի զինամթերք:
CNN-ի տվյալներով՝ աշխարհագրորեն որոշված տեսագրությունները և արբանյակային լուսանկարները վկայում են, որ Մինաբի Shajare Tayyiba տարրական դպրոցը թիրախավորվել է մոտավորապես նույն ժամանակ, երբ, ենթադրաբար, ամերիկյան ուժերը հարված են հասցրել հարակից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային բազային:
Միաժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը մարտի 4-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ Վաշինգտոնին «ոչինչ հայտնի չէ» աղջիկների դպրոցի հարվածի և մինչև 175 մարդու զոհվելու մասին։




























