«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը կփորձի զբաղեցնել Պետական առողջապահական գործակալության տնօրենի պաշտոնը, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Թորոսյանն ի սկզբանե մտադիր էր վերադառնալ Առողջապահության նախարարի պաշտոնին՝ ձգտելով «դժվար դրության մեջ դնել ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանին», սակայն ապարդյուն։ Բացի այդ, հիմնադրամի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի նաև Պետական առողջապահական գործակալության պետ Սամվել Խարազյանը, հավելել է թերթը։
Նախարարությունից լրատվականին հայտնել են, որ բարեփոխումների շրջանակում իշխանությունները նպատակահարմար են համարել միասնական պետական ապահովագրական գործակալության ստեղծումը։ Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ համադրելով բնակչության բոլոր խմբերի ապահովագրական ռիսկերը՝ «նվազում է մեկ ապահովագրական փաթեթի արժեքը, ինչն ավելի իրատեսական է դարձնում դրա իրականացումը` ելնելով առկա տնտեսական հնարավորություններից», ասվում է հրապարակման մեջ։
2023 թվականի փետրվարին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգին։ Համակարգը կիրականացվի փուլերով, գործընթացը կավարտվի 2027 թվականին։ Առողջապահական ապահովագրության փաթեթի արժեքը կախված չի լինի քաղաքացիների եկամուտներից, այն ֆիքսված և նույնն է լինելու բոլորի համար, բայց պետության կողմից փաթեթի տոկոսային սուբսիդավորումը տարբեր կատեգորիաների քաղաքացիների համար տարբեր կլինի։ Համակարգի ներդրման համար Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) կստանա 102 մլն եվրո վարկ։
Armenia Today-ի հետ զրույցում «Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը գնահատելով այս բարեփոխման հնարավոր ռիսկերը՝ նշել էր, որ համակարգի ներդրումը կհանգեցնի առողջապահական համակարգի ֆինանսավորման աղբյուրների փոփոխության, բայց առանց համակարգի արդյունավետության և որակի բարձրացման։ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանն Armenia Today-ին տված հարցազրույցում ընդգծել էր, որ մարդկանց մոտ հարց է առաջանում, թե իրոք կկարողանա՞ն ստանալ անհրաժեշտ ծառայությունների ողջ փաթեթը բժշկական ապահովագրության համակարգի շրջանակներում՝ վճարելով իրենց աշխատավարձի որոշակի տոկոսը, և ի՞նչ որակի են դրանք լինելու։