Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթը վերջ չի դրել Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումներին, գրել է ամերիկյան CNN հեռուստաալիքի կայքը։
«Ադրբեջանում շատերը վախենում են, որ էթնիկ ազգայնականությունը և տարածքային վերամիավորման երդումը, որոնց վրա Ալիևը կառուցել է իր լեգիտիմությունը, հավանաբար նոր թիրախներ կգտնի, այլ ոչ թե կցրվի»,- գրել է CNN-ը՝ հիշեցնելով Ադրբեջանի աճող ռազմական ներկայությունը Հայաստանի հարավային շրջաններում:
Հոդվածի հեղինակ Քրիստիան Էդվարդսն ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում «դիվանագիտությունը կարող է ևս մեկ անգամ անպտուղ մնալ» և մեջբերել Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի խոսքերը, որ վերջին երեք տարիների ընթացքում առաջադիմած ադրբեջանցիները կկարողանան կարճ ժամանակում Հայաստանի որոշ մարզեր առանձնացնել մնացածից:
CNN-ը բարձրացրել է նաև Բաքվում պահվող Արցախի Հանրապետության ղեկավարների հարցը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, հեռուստաալիքին պատմել է «ոչ թափանցիկ արդարադատության համակարգի» մասին, որում այժմ խճճված է իր հայրը՝ մեղադրելով «ահաբեկչության ֆինանսավորման» և «սահմանի ապօրինի հատման» մեջ։
«Եթե մենք իսկապես ցանկանում ենք խաղաղություն տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև, մենք չենք կարող թույլ տալ, որ քաղբանտարկյալները դեռևս բանտում մնան, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել»,- ասել է Վարդանյանը։
Մեկնաբանելով հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի բովանդակությունը՝ Էդվարդսն ասել է, որ Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգում Երևանի պահանջն է վերահսկել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ։
Հեղինակը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների մասին, «որոնց կյանքը մի գիշերում փլուզվել է»։ Նրա խոսքով՝ թեև Ալիևը հայտարարել է հայերի կողմից լքված տների «անխափան» վիճակի մասին, սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր ցույց են տալիս, թե ինչպես են ադրբեջանական զորքերը վանդալիզմի ենթարկում հայկական բնակարաններն ու տները։
«Ղարաբաղի հայերը միշտ էլ գիտեին, որ գտնվում են մեծ տերությունների հակամարտության կենտրոնում։ Բայց 30 տարվա հարաբերական խաղաղությունից հետո չէին սպասում, որ ամեն ինչ այդքան արագ կփլուզվի։ Քանի որ մոտենում է նոր տարին, նրանք կանգնած են անորոշ ապագայի առաջ՝ զրկված իրենց տներից, ունեցվածքից և ապրուստի միջոցներից»,- եզրափակել է Էդվարդսը: