Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քարոզչական արշավը խթանում է խուճապը, իսկ թուրքական, բրիտանական և իսրայելական լրատվամիջոցները կեղծում են իրականությունը՝ Հայաստանի Մեծամորի ատոմակայանն անվանելով «հաջորդ Չեռնոբիլ», հայտնում է «Զարթոնք Մեդիան»։
Նշվում է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում այդ լրատվամիջոցները հրապարակել են գրեթե նույնանման պատմություններ՝ օգտագործելով սենսացիոն վերնագրեր, սառը պատերազմի դարաշրջանի հռետորաբանություն և կասկածելի փորձագիտական մեկնաբանություններ, որոնք հիմնականում ղեկավարում էր ադրբեջանամետ մեկնաբան Պիտեր Մարկո Թեյսեն՝ Մեծամորն անվանելով «հաջորդ Չեռնոբիլ» և «պայթելու պատրաստ ժամանակի ռումբ»:
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը դատապարտել է թուրքական, բրիտանական և իսրայելական լրատվամիջոցների արշավը: Ֆեյսբուքյան գրառման մեջ նա մեղադրել է Թուրքիայի NTV-ին և Մեծ Բրիտանիայի Daily Mail-ին՝ սառը պատերազմի դարաշրջանի հակամիջուկային կարծրատիպերը վերակենդանացնելու մեջ՝ Հայկական ԱԷԿ-ը Չեռնոբիլի ոճով սպառնալիք ներկայացնելու համար։
«Նյութերում գերակշռում են մաշված շաբլոնները, էմոցիոնալ լեզուն և խիստ վիճարկելի «փորձագիտական» կարծիքները։ Դա համակարգային արշավի մաս է՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անվտանգության դեմ»,- գրել է Դավթյանը։
Նա շեշտել է, որ ՀԱԷԿ-ի դեմ տեղեկատվական գրոհները հանդիսանում են աշխարհաքաղաքական ճնշման գործիք։ Դրանց նպատակն է թուլացնել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, վարկաբեկել Ռուսաստանի հետ համագործակցությունն ատոմային ոլորտում և միջազգային տեղեկատվական դաշտում ձևավորել անորոշության և սպառնալիքի մթնոլորտ։
Փորձագետը հավելել է, որ հակառակ դրան՝ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, ամրապնդել կապերը «Ռոսատոմ»-ի հետ՝ շարունակելով տեխնոլոգիական արդիականացման ուղին։