ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջանում է իրավական տրամաբանություն հաղորդել արդեն արված (օրինակ՝ եկեղեցին պաշտպանած Սամվել Կարապետյանի կալանավորումը) ու ծրագրվելիք ապօրինություններին, News.am-ին հայտնել է ՀԱԵ Հոգևոր խորհուրդի անդամ, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Հայկ Իգնատյանը։
Նա այսպես է մեկնաբանել Փաշինյանի հակաեկեղեցական գրառումը, որով նա, ըստ էության, փորձում է հիմնավորել, որ ուժայինները ցանկացած ժամանակ իրավունք ունեն գործողություն կատարել Մայր Աթոռի տարածքում:
«Ուրիշ որևէ շարժառիթ չունի։ Պարզ է, որ վատ կարված շղարշը չի ազատելու նրան պատասխանատվությունից և չի օգնելու խոսափել Հայ Առաքելական եկեղեցու թշնամին լինելու կոչումից»,- ասել է Իգնատյանը։
Այսօր ավելի վաղ 24News-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ ահաբեկչության հետ կապ ունեցող քրեական գործի շրջանակներում ուժայինները պատրաստվում են խուզարկություններ անցկացնել Մայր Աթոռում: Քննչական կոմիտեն Armenia Today-ին չէր մեկնաբանել լուրը։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Հուլիսի 4-ին՝ ի պաշտպանություն Կարապետյանի ակցիայի ժամանակ, փաստաբան Արամ Վարդևանյանն ընթերցել էր գործարարի ուղերձը, որտեղ նա կոչ էր արել միավորվել նոր քաղաքական ուժի շուրջ:
Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։ Ուժայինները երկու ժամ ժամանակ էին տվել այդ պահին Մայր Աթոռում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին, որպեսզի ինքնակամ ներկայանա իրենց մոտ, հակառակ դեպքում՝ սպառնացել էին վերադառնալ և ուժային գրոհ սկսել Վեհարանի վրա։ Աջապահյանն ինքն էր գնացել Քննչական կոմիտե, կալանավորվել էր՝ իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով, ինչը չի ընդունում:
Կարդացեք նաև՝