Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումը և դատական համակարգին ու պատկան մարմիններին հորդորել անհապաղ ազատ արձակել նրան։
Նշվում է, որ արքեպիսկոպոսի առնչությամբ դատարանի կայացրած կալանավորման և ազատազրկման որոշումն ուղղակի հետևանքն է վարչապետի և իշխանության բարձրաստիճան մյուս պաշտոնյաների եկեղեցահալած քաղաքականության և եկեղեցականների դեմ թշնամանքի ու ատելության խոսքի։
«Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով՝ քաղաքական հետապնդում և դրսևորում անձնական վրեժխնդրության իրեն քրիստոնյա և Հայ Եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախօրեին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ պախարակելի, աննախադեպ ոտնձգություն կատարելով համայն հայության հոգևոր կենտրոնի, եկեղեցականների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններից հետո հեղաշրջման մեղադրանքով 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Կանալավորվածների թվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։
Հունիսի 27-ին ԱԱԾ-ն մտել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հավաքվածները մի քանի ժամ թույլ չէին տվել տանել սրբազանին, այնուհետև սրբազանն ինքն էր շարժվել դեպի Քննչական կոմիտե: Մի քանի ժամ հարցաքննություննից հետո հունիսի 28-ի վաղ առավոտյան նա կալանավորվել էր: