Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր սրացում տեղի չի ունենա, և որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կավարտվեն, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկրները շատ մոտ են խաղաղության պայմանագրի աշխատանքների ավարտին: Այս պայմանագիրը շատ անհրաժեշտ է կայունության և տարածաշրջանում անվտանգության համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը և ընդգծել, որ Ռուսաստանը, եթե անհրաժեշտություն լինի, պատրաստ է «անել հնարավոր ամեն բան՝ այս գործընթացը հեշտացնելու համար»։
Պեսկովի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է, և երկրներն ունեն զարգացած, բազմապրոֆիլ հարաբերություններ։ Նա հայտնել է՝ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի բարգավաճ և բարեկամական երկիր, բայց երկրի ներսում տիրող իրավիճակը նրա ներքին գործն է։
«Սա, անշուշտ, Հայաստանի ներքին գործն է։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում պահպանվի օրենքն ու կարգը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Հայաստանում հեղաշրջման փորձը կանխելու հարցին։
Անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ Կարապետյանի հետ կապված հարցի շուրջ։
«Այո՛, իհարկե։ Կապի մեջ ենք մեր գործընկերների հետ։ Եվ, իհարկե, քանի որ Կարապետյանը նաև ՌԴ քաղաքացի է, համապատասխան շփումներ իրականացվում են», – ասել է նա։