«Սրբազան շարժման» աջակից բոլոր բերման ենթարկվածները 24 ժամվա ռեժիմով են ձերբակալել, ոչ թե 72 ժամվա, հետևաբար այս գիշեր կալանքի հարցը կորոշվի, ՔԿ-ի մոտ հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Ըստ նրա՝ ՔԿ-ն անընդհատ նախաքննարկան գաղտնիքներ է հրապարակում, այն դեպքում, երբ պաշտպանական կողմը կաշկանդված է որևէ տեղեկություն հրապարակելուց։
«Իրենք կարող են ամբողջ նախաքննական տվյալները հանրությանը ներկայացնել, բացի ձայնագրությունը նաև ըստ իրենց փաստական տվյալներ, որը մեղմ ասած, չի համապատասխանում ոչ Սահմանադրությանը, ոչ օրենքներին, ոչ միջազգային ստանդարտներին։ Մենք պետք է հավասար հնարավորություն ունենանք ոչ միայն դատարանոմ, այլ նաև հանրության առջև՝ ներկայացնելու այն տեղեկությունների կեղծ լինելը, եթե դրանք կեղծ են, որոնք ներկայացվել են և օգտագործվել մեր վստահորդների դեմ»,- հայտարարել է Մելիքյանը։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Քննչական կոմիտեն հայտնել էր շարժման աջակիցների տներում քննչական, վարույթային գործողություններ իրականացնելու պատճառը «ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու» ծրագիրն էր, ինչը կանխվել է։ Կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր կառավարական կայքերի վրա կիբեռհարձակումների, զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու համար խմբերի ձևավորման, ինչպես նաև իշխանությունը փոխելու համար ուժի կիրառման սցենարների թույլտվության մասին ձայնագրություններ։
Իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործը հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթուղթի հիման վրա՝ որակելով այն պետության «Հեղաշրջման պլան»։