Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդես։
Միջոցառմանը ներկա էին շուրջ 30 պետության ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Չինաստանի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Սլովակիայի, Սերբիայի, Վիետնամի, Մոնղոլիայի ղեկավարները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկա չէր։ Մինչ զորահանդեսը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել էր ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած ղեկավարներին։
Պուտինը զորահանդեսի իր ելույթում նշել է, որ ռուսները պահպանում են Հայրենական մեծ պատերազմի «պատմական, հաղթական իրադարձությունների հիշողությունը»։
«Ռուսաստանը կլինի անխորտակելի խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության համար, կպայքարի այն վայրագությունների դեմ, որոնք կատարում են այդ ագրեսիվ կործանարար գաղափարների ջատագովները։ Ճշմարտությունն ու արդարությունը մեր կողմն են»,- ասել է ՌԴ նախագահը։
ՌԴ-ն զորահանդեսին առաջին անգամ ցուցադրել է «Գերան-2», «Հարպիա-A1», «Լանցետ», «Օրլան-10» և «Օրլան-30» զինատեսակները։
Վլադիմիր Պուտինը շփվել է շքերթին ներկա Մեծ Հայրենականի վետերանների հետ: Նա անձամբ ողջունել է նաև հայ վետերաններին։ Ավելի ուշ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդյա Գսպոյանին, որոնք Երևանից են և ներկա են գտնվել զորահանդեսին:
Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրին: Այնուհետև Մոսկվա ժամանած պատվիրակությունների ղեկավարների պատվին Պուտինի անունից տրված ընդունելություն է տեղի ունեցել։ Ռուսաստանի առաջնորդը շնորհակալություն է հայտնել օտարերկրյա պատվիրակություններին՝ միջոցառումների ներկա գտնվելու համար։
«Մենք բարձր ենք գնահատում մայիսի 9-ին Մոսկվա այցելելու և մեր ժողովրդի հետ մեզ համար անսահման թանկ տոնի ուրախությունը կիսելու համար»,- նշել է նա։
Պուտինը կարճ զրույց է ունեցել նաև Փաշինյանի հետ՝ շնորհակալություն հայտնելով այցի համար։
«Նիկո՛լ Վովաեվիչ, շնորհակալ եմ այցի համար, կապի մեջ կլինենք»,- ասել է Պուտինը։
Փաշինյանը մայիսի 8-ին էր մեկնել ՌԴ՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին։