Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրանքով: Այս մասին ասվում է նրա հոդվածում, որը հրապարակվել է Fox News-ում:
«Պատկերացրեք ամբողջական համայնքներ, որոնք ստիպված են 24 ժամում լքել իրենց տները, եկեղեցիները և նախնիների գերեզմանները։ Այս մղձավանջն իրականություն դարձավ 120 000 հայ քրիստոնյաների համար, երբ Ադրբեջանն էթնիկ զտումներ իրականացրեց Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում։ Այդ ծանր գինը վճարողների թվում է Վարդանյանը, որն այժմ բանտարկված է օգնելու փորձի համար»,- գրել է Դավիթ Վարդանյանը։
Նա շեշտել է, որ այսօր իր հայրը պահվում է բանտում՝ պարզապես Արցախի հայերի ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Նա նշել է, որ Բաքվում առնվազն 23 հայ քրիստոնյա անօրինական կերպով պահվում է, իսկ Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ։
Ռուբեն Վարդանյանը հայտնի է որպես գործարար և մարդասեր, ով վերջին 10 տարում իր կյանքը նվիրել է բարեգործությանը՝ հատկապես Հայաստանում։ Նա համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Դավիթ Վարդանյանը եզրափակել է, որ իր մեծ պապին փրկել են ամերիկացի միսիոներները, իսկ այժմ հույս ունեն, որ նախագահ Թրամփը կկատարի իր խոստումը՝ ճնշում գործադրելով Բաքվի վրա՝ ազատ արձակելու իր հորը և մյուս հայ բանտարկյալներին։