ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին առաջարկել է հանձնաժողովների հանդիպում անցկացնել և քննարկել խաղաղության համաձայնագրի նախագիծը:
Խանդանյանը նշել է, որ այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ:
«Այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ: Այն հնարավորություն կտա քննարկելու խաղաղության գործընթացում խորհրդարանների դերին առնչվող հարցեր՝ խթանելով միջխորհրդարանական համագործակցության ապագայի շուրջ երկխոսությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում»,- գրել է Խանդանյանը:
Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Միլի Մեջլիսի իր պաշտոնակիցը դրական կարձագանքի, և կկարողանան համաձայնեցնել հանդիպման օրը և վայրը։
«Որպես առաջին հանդիպման վայր՝ կարող ենք դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք»,- գրել է նա։
Ադրբեջանը մարտի 16-ից հայտնում է Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ին երեք անգամ հերքել էր Բաքվի այս տեղեկությունը։ Գերատեսչությունը հերքումներով հանդես էր եկել նաև մարտի 17-ին, 18-ին և 19-ին:
Պատրաստակամություն հայտնելով հետաքննել Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը հաստատող փաստերը՝ ՀՀ ՊՆ-ն ընդգծել էր, որ այս պահի դրությամբ՝ Բաքուն Երևանին չի փոխանցել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման որևէ փաստական տվյալ կամ ապացույց:
Մարտի 17-ի առավոտյան ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «հանգիստ իրավիճակի» մասին։
Մարտի 18-ին վարչապետի աշխատակազմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին չի փոխանցել հրադադարի խախտման ապացույցներ և շեշտել, որ ՀՀ բանակը հրադադարի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։ Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր վարչապետի աշխատակազմի հայտարարությունը և կրկնել Հայաստանի կողմից կրակոցների մասին կեղծ պնդումները։