Հայաստանում բնակվող արցախցիները քննարկում են բողոքի գործողություններ իրականացնել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով չդադարեցնել իրենց հատկացվող աջակցության ծրագիրը կամ իրենց ապահովել բնակարաններով, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Կառավարությունն ապրիլի 1-ից նախատեսում է վերանայել արցախցիներին աջակցություն տրամադրելու սկզբունքը և այն տալ միայն արցախցիների խոցելի խավերին։
Ըստ թերթի՝ նրանք նախատեսում են առաջիկայում զանգվածային ակցիաներ իրականացնել։
«Կառավարության այս որոշումը հազարավոր արցախցիների զրկելու է ժամանակավոր տանիքից, չեն կարողանալու բնակարանների վարձերը վճարել եւ հայտնվելու են փողոցում»,- գրել է թերթը։
2024 թվականի նոյեմբերի 1-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր, որ մշակվել է 2025 թվականից գործարկման նախատեսվող նորացված աջակցության ծրագիր։ Ըստ նոր փոփոխությունների՝ 2025թ․ ապրիլից նախատեսվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի այն անձանց, ովքեր փաստացի բնակվում են ՀՀ-ում, հաշվառված են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան, 63 և ավելի տարեկան են, ստանում են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ մինչև 18 տարեկան երեխա են։
Հայաստանի կառավարությունը 2023-ի հոկտեմբերի 26-ին հավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին փախստականի կարգավիճակին համարժեք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու մասին որոշմանը։ Կառավարությունը 2024 թվականի մայիսի 16-ին ընդունել էր ԼՂ-ից տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագիր։
Փետրվարի 13-ին Հայաստանի կառավարությունը ընդլայնել էր քաղաքների և գյուղերի ցանկը, որի շրջանակներում Արցախից տեղահանված անձինք կկարողանան ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 4 մլն դրամ սահմանաչափով բնակարան կամ տուն ձեռք բերել։
Աջակցության չափը կախված է նրանից, թե ծրագրի մասնակիցը Հայաստանի ո՞ր բնակավայրում է մտադիր բնակարան գնել կամ տուն կառուցել: Այս մասին Armenia Today-ն առավել մանրամասն պատմել է 2024-ի մայիսի 16-ին պատրաստած ուղեցույցում։
Ծրագրից օգտվելու համար փաստաթղթերի քայլ առ քայլ ներկայացման մասին ընթերցեք Armenia Today-ի ուղեցույցում։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել էր 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել էին 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ ԼՂ-ից բռնի տեղահանված 100,632 քաղաքացի էր ժամանել ՀՀ։