Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը, հայտնել է նրա ընտանիքը։
«Հացադուլը սոսկ բողոք չէր, այլ դատավարության անարդարության վրա ուշադրություն հրավիրելու փորձ»,- ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Վարդանյանը։
Փետրվարի 19-ին Արցախի նախկին պետնախարարը հացադուլ էր հայտարարել և դիմել աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին՝ հորդորելով ուշադրություն դարձնել Բաքվում տեղի ունեցող անօրինական գործընթացներին։ Փետրվարի 26-ին Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտնել էր նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։
Մարտի 5-ին կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը նպաստ կբերի գերիների և մյուս հարցերի լուծմանը։ Մարտի 6-ին Գենսերը թվարկել էր այն գործողությունները, որոնք կարող էին անել ՀՀ իշխանությունները՝ գերիներին ազատելու համար։
Մարտի 7-ին Վարդանյանն իր ընտանիքի միջոցով փոխանցել էր ձայնային հաղորդագրություն, որում կոչ էր անում խաղաղություն՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա։