Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՀՀ խորհրդարանում, խոսել է Վաշինգտոնում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի հետ բանակցությունների մասին, որոնք կայացել էին փետրվարի 7-ին։
«Հանգամանալից և մանրամասն խոսակցություն էր և, ընդ որում, այն տեղի ունեցավ իրենց համար շատ խառը միջավայրում։ Մենք բարձր ենք գնահատում, որ այդ պայմաններում երկուստեք ձևավորվել է նման հանդիպում անցկացնելու հետաքրքրություն։ Ես գնահատում եմ շատ կարևոր և շատ արդյունավետ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ փոխնախագահի հետ հանդիպումը նրա այցի վերջին իրադարձությունն էր։
Փաշինյանի խոսքով՝ հանդիպումը բավական երկար է տևել, տեղի է ունեցել «1+3» ձևաչափով։
«Այսինքն՝ տետ ա տետ խոսակցություն չի եղել, պատվիրակության անդամներից մասնակցել են հանդիպմանը, մասնակցել է մեր կողմից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը, կառավարության աշխատակազմի Արտաքին կապերի վարչության պետը և մամուլի խոսնակը»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև նախկինում ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման հետ կապված հնարավոր դժվարությունները։ Նշելով, որ փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ-ում իշխանության փոխանցման ժամանակ, նա բացատրել է, որ այս ընթացքում Վաշինգտոնում տրանզիցիոն թիմեր են ձևավորվում՝ այս գործընթացը կազմակերպելու համար։
«Նրբությունն այն է, որ ինչքան նախորդ վարչակազմն է մասնակցել այս փաստաթղթի ստորագրմանը, այդքան էլ նոր վարչակազմը»,- ասել է Փաշինյանը։
Նա հայտնել է, որ դա չպլանավորված հանդիպում էր, և բանակցությունները տեղի են ունեցել պատվիրակությունների ներսում։ Փաշինյանն ընդգծել է, որ հանդիպումը կայացել է թե՛ Հայաստանի, թե՛ ԱՄՆ-ի կողմից փոխադարձ հետաքրքրության պատճառով։ Եվ, ըստ վարչապետի, այս հանդիպման նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը վկայում է այն մասին, որ Երևանի և Վաշինգտոնի հարաբերություններում կա որոշակի դինամիկա, և այն պետք է պահել ու զարգացնել։
Փաշինյանը մեկնաբանել է նաև այս հանդիպման անկազմակերպ լինելու վերաբերյալ քննադատությունները և կոչ արել նման իրադարձությունները դիտարկել որպես աշխատանքային գործընթաց։
«Ամեն ինչին վերաբերվում ենք կա՛մ ապոկալիպսիսի, կա՛մ երկնքից թափվող մանանայի տրամաբանությամբ։ Սա աշխատանք է և պետք է լինի առօրյա»,- ասել է վարչապետը։
Փաշինյանը փետրվարի 3-ից աշխատանքային այցով գտնվում էր Վաշինգտոնում, որտեղ մասնակցել էր Կրոնական ազատության հինգերորդ միջազգային գագաթնաժողովին և «Ազգային աղոթքի նախաճաշին», ինչպես նաև հանդիպներ էր անցկացրել հայկական համայնքի ներկայացուցիչների և մի շարք գործիչների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։