ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ, տեղեկացնում է արտաքին գերատեսչությունը։
Ըստ հրապարակման՝ պատճառը հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդումն է։
ԱԳՆ-ն հայտնել է, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ Հայաստանը 2025 թվականի հունվարին կրկին առաջարկներ կներկայացնի Ռուսաստանին՝ հանրային մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ։ Հոկտեմբերին ներկայացված առաջարկներն անպատասխան էին մնացել։
2024 թվականի դեկտեմբերի 17-ին «Փաստ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն ամբողջությամբ եթերազրկելու վերջնական որոշում ունեն։ Նույն օրն Armenia Today-ին ԲՏԱ նախարարությունից հայտնել էին, որ այդ պահին նշված թեմայով մեկնաբանություն չունեն։
Նույն տարվա ապրիլի 15-ին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մեկնաբանել էր ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր արգելքը։ Նա վստահեցրել էր, որ Հայաստանի նպատակը ոչ թե ռուսական հեռուստաալիքները փակելն է, այլ Երևանի և Մոսկվայի միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության միջկառավարական համաձայնագիրը վերանայելը։
Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին, Հայրապետյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է միակողմանի խզել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» միջպետական համաձայնագիրը: Մարտի 30-ին «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնել էր Հայաստանի տարածքում լրագրող Վլադիմիր Սոլովյովի հեղինակած հաղորդումների հեռարձակումն արգելափակելու մասին։