ԲԴԽ նախագահի թեկնածու, Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանին չի հաջողվել ԲԴԽ նախագահ ընտրվել։ Նրա օգտին կողմ է քվեարկել խորհրդի 7 անդամից ընդամենը 3-ը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Երկրորդ փուլում նրա օգտին քվեարկել է 4 դատավոր, որի արդյունքում նա երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ։ Թերթը հայտնել է, որ իշխանական թեկնածուն ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանի հորաքրոջ որդին է։
Թերթը նշել է, որ դատական օրենսգրքի 84 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ԲԴԽ նախագահն ընտրվում է անդամների մեծամասնությամբ, հետևաբար՝ ԲԴԽ 7 անդամից 6-ը պետք է քվեարկեն թեկնածուի օգտին։
Անդրեասյանը նոյեմբերի 18-ին հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր Հայաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հրաժարականների պատճառը։
Նոյեմբերի 19-ին Փաշինյանը որոշումներ էր ստորագրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին։
Նոյեմբերի 22-ին վարչապետը մանրամասներ էր ներկայացրել ուժային կառուցների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժարականների պատճառների մասին: Նա հայտարարել էր, որ պաշտոնյաներին փոխարինելը միանձնյա որոշում էր, և այդ հարցը թիմակիցների հետ չի քննարկել։ Փաշինյանը տեղի ունեցած կադրային փոփոխությունները որակել էր «ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային»՝ նշելով, որ բարձր է գնահատում պաշտոնյաների աշխատանքը: