Սուրբ Աննա եկեղեցու մոտ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խոսել է Երևանում և մարզերում տեղի ունեցած անհամաձայնության ակցիաների գրանցած արդյունքների մասին։
Նրա խոսքով՝ Երևանում օրվա ընթացքում փակվել է շուրջ 15 փողոց, իրազեկման ակցիաներ են իրականացվել Լոռու մարզում, Մետրոպոլիտենի տարբեր կայարաններում։
Այսօր` մայիսի 14-ին, ամբողջ օրվա ընթացքում 63 քաղաքացի բերման է ենթարկվել, այդ թվում՝ նաև անչափահասներ։
Պատգամավորը նաև հիշեցրել է, որ «կարմիր բերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով Կարեն Գևորգյանն ստացել է ոտքի կոտրվածք։
Մայիսի 10-ին անհնազանդության ակցիաների ժամանակ բերման էր ենթարկվել 10 քաղաքացի, մայիսի 11-ին՝ 48 քաղաքացի։ Մայիսի 13-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել ակցիայի 171 մասնակցի:
ՀՀ ԱԳՆ-ի ապրիլի 19-ի հայտարարությունից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին․ Երևանում հանրահավաք էր կայացել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։
Մայիսի 10-ին, 11-ին, 13-ին և 14-ին Երևանում և մարզերում անհնազանդության ակցիաներ էին անցկացվել։
Մանրամասները՝ տեսանյութում։