«Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ եղեռնի` Հայոց Ցեղասպանության ժամանակ կորցրած կյանքերը և վերհիշում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը։ Այս մասին նշվում է Սպիտակ տան կողմից հրապարակված նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ:
«1915 թ.-ի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, ինչը սկիզբ դրեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Հետագա տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ երթով սպանվեցին՝ ողբերգություն, որը ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա»,-նշվում է հայտարարության մեջ։
Իր ուղերձում նախագահ Բայդենն անդրադարձել է ցեղասպանության հետևանքով աշխարհի տարբեր երկներում հանգրվանած հայերի ճակատագրին։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ ողջ մնացածներից շատերը հույսով է դիմակայել ատելության չարիքին։ «Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և կանխելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի»,-նշվում է հայտարարության մեջ։
Նա կոչ է արել կրկին վերհիշել տրված խոստումը՝ պարտավորվելու բարձրաձայնել ատելության դեմ, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: «Եվ միասին, եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահովությամբ և հարգանքով»,-նշվում է Բայդենի հայտարարության մեջ։