Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչները իրավական նախապայմաններ են ստեղծում Հայաստան ադրբեջանցիների բնակեցման համար և աստիճանաբար փորձում են հասարակությանը համոզել դրանում, «Սարդարապատ» հուշահամալիրի մոտ լրագրողներին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Ըստ նրա՝ խոսքը Ադրբեջանի քաղաքացիների կողմից անշարժ գույք ձեռք բերելու և Հայաստան տեղափոխվելու իրավական պայմանների ստեղծման մասին է։ Նա նշել է, որ ներկայիս իշխանության պահպանման դեպքում նման գործընթացները կշարունակվեն։
«Նրանք ամեն օր այդ քայլերը անում են, ամեն օր»,- եզրափակել է Կարապետյանը։
Նա հավելել է, որ Հայաստան ադրբեջանցիների հնարավոր վերադարձի հարցը քննարկվում է տարածաշրջանային մակարդակով։
«Ամբողջ տարածաշրջանը այդ խոսակցությունը գիտի... մեր ժողովրդից այս մարդիկ փորձում են պահել»,- հայտարարել է Կարապետյանը։
Քաղխորհրդի անդամը նշել է, որ իշխանության ներկայացուցիչները, վախենալով հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ադրբեջանցիների վերադարձի հարցի ազդեցությունից, սկսել են հերքել իրենց նախկին հայտարարություններն այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստանը» բարձրաձայնել է այդ մասին։
«Նախընտրական հերքում է դա, ոչ թե իրական հերքում է»,- մատնանշել է նա։
Մեկնաբանելով «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանի այն խոսքերը, թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները, խոսելով ադրբեջանցիների՝ Հայաստան գալու մասին, նկատի են ունեցել զբոսաշրջիկներին, Կարապետյանը հիշեցրել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ադրբեջանցիների՝ իրենց տներ վերադառնալու մասին։
«Ժողովրդին իրականությունը չեն ասում, բայց երբ ժողովուրդը տեսնի իրականությունը, իսկ իրականությունը տեսնելու համար պետք է ուղղակի շրջակայքը նայել, տեսնել ինչ է խոսել Արսեն Թորոսյանը, ինչ է խոսել Ալեն Սիմոնյանը, ինչ են խոսել երկրի քաղաքական այսօրվա պատասխանատուները, ադրբեջանցիների վերադարձի մասին»,- նշել է Կարապետյանը։
Ավելի վաղ Ազգային ժողովի նախագահը հայտարարել էր, որ հեռանկարում հնարավոր է համարում հայերի և ադրբեջանցիների համակեցությունը։
«Հայերն ու ադրբեջանցիները պետք է կողք կողքի ապրեն, միասին առևտուր անեն... ես նաև հնարավոր եմ համարում, որ որոշ ժամանակ անց ադրբեջանցիներ կգան ու կհաստատվեն այստեղ»,- լրագրողներին ասել էր Սիմոնյանը։
Նա նաև վկայակոչել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, որն ավելի վաղ հայտարարել էր «պատմական հողեր վերադառնալու մասին՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։ Բացի այդ, Կարապետյանը հղում է արել Ադրբեջանի կրոնական կառույցների ներկայացուցիչների հայտարարություններին, ըստ որոնց՝ «ադրբեջանցիներն այստեղ ունեցել են 400 թե 500 մզկիթ, և այդ մզկիթները պետք է վերակառուցվեն ու վերադարձվեն Ադրբեջանի հոգևոր խորհրդին»։
Բաքուն վերջին տարիներին բազմիցս հայտարարել է Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» անհրաժեշտության մասին, իսկ 2024 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» խումբ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հաստատել և չի հերքել՝ արդյոք Երևանի և Բաքվի բանակցություններում քննարկվում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերաբնակեցման հարցը։
Կարապետյանը հիշեցրել է, որ իրենց քաղաքական ուժն առաջարկում է այսպես ասած «Սաֆարովյան օրենք», որն արգելում է Ադրբեջանի որևէ քաղաքացու իրավունք ունենալ Հայաստանում հող կամ գույք գնել, և հավելել է, որ դա թույլ կտա վերջնականապես փակել այս հարցը։



































