Խորհրդարանական ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն շրջում է մարզերում։ Նա տարեսկզբին ստեղծել է «Վարչաբենդ» երաժշտական խումբը և հունվարի 30-ին ու ապրիլի 4-ին համերգներով հանդես եկել Երևանում:
Միայն առաջին համերգի համար «Քաղաքացիական պայմանագիրը» ծախսել էր 8,5 միլիոն դրամ, կուսակցությունից հայտնել էին Armenia Today-ին:
Համերգներին մասնակցությունը նախապես գրանցումով է։
Armenia Today-ը հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները հետևո՞ւմ են արդյոք երկրի ղեկավարի երաժշտական գործունեությանը:
Հարցված քաղաքացիների կարծիքները միանշանակ չեն․ ոմանք ոչ մի արտասովոր բան չեն տեսնում «Վարչաբենդի» ստեղծման հարցում, ոմանք կարծում են՝ թմբուկ նվագելը հարիր չէ երկրի վարչապետին, ոմանք էլ չեզոք են վերաբերում։
«Մի քիչ այն չէ, բայց ոչինչ, թող նվագի, բայց ես մասնակցելու կամ պարելու ցանկություն չունեմ»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Հարցվածներից ոմանք էլ դրական են վերաբերվում վարչապետի երաժշտական կատարումներին, սակայն դրան մասնակցելու ցանկություն չունեն։
«Շատ լավ եմ վերաբերվում․ չեմ մասնակցել համերգներին, որովհետև տարիքս չի ներում»,- ասել է մյուսը։
Քաղաքացիներից շատերն էլ բացասական կարծիք ունեն «Վարչաբենդի» մասին նախ այն պատճառով, որ դա հարիր չեն համարում երկրի ղեկավարին, առավել ևս՝ հիմա, երբ երկրում լուրջ խնդիրներ կան լուծելու։
«Բացասական եմ վերաբերվում, որովհետև ավելի լուրջ հարցեր կան երկրում, որ պետք է դրանով զբաղվել»,- նշել է մեկ այլ քաղաքացի։
Ոմանք էլ, առհասարակ, չեն հետաքրքրվում ո՛չ վարչապետի, ո՛չ որևէ այլ քաղաքական ներկայացուցչի գործունեությամբ և կարծիք չեն հայտնել Փաշինյանի երաժշտական ելույթների մասին։
Հարցվածներից ոմանք էլ մեղադրել են Փաշինյանին պատերազմի և զոհերի պատճառով և քննադատել նրա երաժշտական կատարումները։
«Քաղաքական ծաղրածու․ մի մարդ, ով պատրերազմ է բերել, հիմա էլ համերգ է տալիս»,- նշել է մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։



































