Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, որը չի առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ նշանակվել է ներկուսակցական ընտրությունների հաշվիչ հանձնաժողովի նախագահ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով կուսակցությունում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ խոսքը փետրվարի 12-15-ը նախատեսվող պատգամավորության թեկնածուների ընտրությունների մասին է, որոնց արդյունքներով ձևավորվելու է կուսակցության նախընտրական ցուցակը։
Արշակյանը որոշել էր չմասնակցել ընտրություններին, երբ անդամավճարների պատճառով նրան արգելել էին ներկա գտնվել ՔՊ համագումարին, հիշեցրել է թերթը։
Լրատվականի պնդմամբ՝ Արշակյանի նշանակումը նախաձեռնվել է այն նպատակով, որպեսզի կանխվի թիմից որևէ մեկի հնարավոր «հեռացումը կամ անցումը հակառակորդի ճամբար»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է պահպանել բարիդրացիական հարաբերությունները բոլոր անդամների հետ և պաշտոնների խոստումներով կանխել ներքին պառակտումները, նշել է թերթը։
Արշակյանն անձամբ հետևելու է ձայների հաշվարկին և հրապարակելու է արդյունքները, ինչը թույլ կտա ապահովել գործընթացի կառավարելիությունը և կուսակցականների հավատարմությունը, հավելել է լրատվականը։
Մամուլն Արշակյանի՝ ՔՊ վարչության անդամի թեկնածություն չառաջադրելը կապել էր նրա՝ սեփական կարծիք ունենալու հետ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մեկնաբանել էր նրա բացակայությունը կուսակցության համագումարից՝ անդամավճարի ուշացմամբ։





































