ԱԺ 6 պատգամավոր երաշխավորություն են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան մեղադրյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, տեղեկացրել է նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Հուլիսի 11-ին Փոստանջյանն ահազանգել էր անչափահաս երեխաներ, այդ թվում՝ 8 ամսական երեխա ունեցող կնոջը կալանավորելու մասին։
Կինը մեղադրվում է անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար: Փոստանջյանը հուլիսի 13-ն հայտնել էր, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բանտախուցը, ուր գտնվում են կինն ու երեխան, չունի տաք ջուր և այն ապահովող սարք։ Նա նաև ընդգծել էր, որ երեխան առողջական խնդիրներ է ձեռք բերել, բայց պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում։
Ավելի ուշ Փոստանջյանը գրել էր, որ փոքրիկի հետ հիվանդանոց են տեղափոխել նաև կնոջը, բայց թե՛ իրեն, թե՛ հարազատներին չեն տեղեկացրել, թե որ հիվանդանոց են տեղափոխել նրանց։