«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի տնօրենը 1 ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
ՔԿ խոսնակը հավելել է, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարի ժամկետով – AT):
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ն պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբին, որի նախագահ Սամվել Կարապետյանին հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում: Հուլիսի 4-ին դատարանն անփոփոխ էր թողել Կարապետյանին կալանավորելու որոշումը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելու նպատակով իշխանության ընդունած օրենքները։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ստուգումներից հետո հունիսի 20-ի դրությամբ ժամանակավորապես դադարեցրել էր «Տաշիր Պիցցա» հանրային սննդի 12 մասնաճյուղի գործունեություն։
Կարդացեք նաև՝