Քննչական կոմիտեն արձագանքել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի գրառմանը, որտեղ նա «կեղծ» էր անվանել Քննչական կոմիտեի՝ ավելի վաղ հրապարակած ձայնագրությունը՝ «ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն» մասին։ ՔԿ-ն իր հերթին «կեղծ» է անվանել Խուդոյանի հայտարարությունները։
«Գալստանյանի պաշտպանն այսօր հրապարակում է արել դատարան քաղաքացիական հայցեր ներկայացնելու իր նոր «պլաններ»-ի մասին՝ պնդելով, թե իբր «ապացուցված է արդեն, որ ՔԿ-ն կեղծել է ձայնագրությունները» և «կոնտեքստից կտրված է հանցագործներին մահապատժի ենթարկելու /գյուլլելու/ միտքը»: Ընդ որում՝ փաստաբանը մեջբերված մտքերը հնչեցնում է՝ սկզբունքորեն անհաղորդ լինելով ձայնագրություններ կեղծելու փաստը միանշանակ հերքող պարզաբանումներին»,- ասված է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանի հայտարարության մեջ։
Կոմիտեն «միակողմանի դատողություններ» է անվանել փաստաբանի պնդումները։
«Շարունակաբար կրկնելը, թե իբր ՔԿ-ն ապացույցներ՝ ձայնագրություններ է կեղծել, վկայում է ձայնագրությունների բովանդակության մասին ոչ միայն հանրությանը, այլ նաև քննիչին ասելիք չունենալու մասին: Խուդոյանը կեղծ տեղեկատվություն տարածելով՝ քողարկված նպատակ ունի ՔԿ-ին ներքաշել այնպիսի դաշտ, որն ակնհայտորեն վերածվելու է դատավարական ընթացակարգերից դուրս երկխոսության՝ դրանով իսկ նպատակ հետապնդելով նսեմացնել քրեական վարույթով ձեռք բերված իր տեսակով եզակի և անփոխարինելի նշանակություն ունեցող ապացուցողական զանգվածը»,- հավելել խոսնակը։
ՔԿ-ում խոստացել են, որ դատավարության մասնակիցները և հանրությունը հետագայում՝ դատավարության ավելի ուշ փուլերում, հնարավորություն կունենան ծանոթանալու ձայնագրությունների ամբողջական հատվածներին, մեղսագրված արարքները հաստատող այլ փաստական տվյալների։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում։ Այն հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա, որն ըստ կայքի՝ «Հեղաշրջման պլան» էր։ Քննչական կոմիտեն հայտնել էր գործողությունների մասին։
Իրավապահներն, ընդհանուր առմամբ, 17 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Նրանցից 15-ի նկատմամբ դատարանը կիրառել էր կալանք՝ երկու ամիս ժամկետով։
Կարդացեք նաև՝