Դատարանը բավարարել է «Տաշիր գրուպ»-ին առնչվող քրեական վարույթով ևս 2 անձի կալանավորելու միջնորդությունը, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավդալյանն Armenia Today-ին տեղեկացրել է, որ վարույթով, ընդհանուր առմամբ, կալանավորված 4 անձ կա, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 12 տարի ժամկետով-խմբ․):
Հուլիսի 3-ին ՔԿ խոսնակը տեղեկացրել էր, որ քրեական վարույթով 2 անձ է կալանավորվել, և դատարանը քննում է վերոնշյալ մյուս 2 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը: Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը: Գործարարը չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն եվրոպական դատարանում:
Կարապետյանի ընտանիքը հունիսի 30-ին ՀՀ պետական մարմիններին պաշտոնապես ծանուցել էր ներդրումային վեճ սկսելու մասին:
Armenia Today-ը հուլիսի 2-ին հայտնել էր, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում։ ՔԿ-ն ավելի ուշ Armenia Today-ին տեղեկացրել էր, որ խուզարկությունների հիմքում «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն է»։