Դատարանը 2 ամսով կալանավորել է «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման համախոհների, շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի գործով վճիռը կհրապարակվի ժամը 3։00-ին։
Գալստանյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ նրա տրամադրությունը լավ է։
Կալանավորվածների թվում են Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, «Սրբազան պայքարի» ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
Ավարտվել է նաև Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին` ժամը 11:00-ին։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով՝ Ալեքսանյանը կալանավորվել է այլ Արմենի փոխարեն։
«Քննիչները, դիտավորյալ, թե ոչ, սխալ էին զննել հեռախոսային խոսակցությունները և այլ անձի գործողությունները վերագրել են պաշտպանյալիս»,- գրել է նա։
Այս պահին բազմաթիվ քաղաքացիներ Երևանի դատարանների առջև շարունակում են սպասել գործով ձերբակալված մյուս քաղաքացիների՝ այդ թվում Բագրատ Սրբազանի կալանքի որոշումներին։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման աջակիցների տներում քննչական, վարութային գործողություններ իրականացնելու պատճառը «ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու» ծրագիրն էր, ինչը կանխվել է։ Կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր կառավարական կայքերի վրա կիբեռհարձակումների, զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու համար խմբերի ձևավորման, ինչպես նաև իշխանությունը փոխելու համար ուժի կիրառման սցենարների թույլտվության մասին ձայնագրություններ։
Իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործը հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա՝ որակելով այն պետության «Հեղաշրջման պլան»։
ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ 16 անձի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նրանց թվում է նաև Գալստանյանը։ Շարժումը հրապարակել է ձերբակալված 13 անձանց անունները՝ Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան, Լիդյա Մանթաշյան։