«Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել։
Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է ընդդիմադիր շարժումը, Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով»։
Ըստ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ Բագրատ Գալստանյանը երկու հոդվածով է ներգրավված, որից մեկը նախատեսում է առավելագույնը 12, մյուսը՝ 15 տարվա ազատազրկում։ Նրա խոսքով՝ ՔԿ-ի տարածած ձայնագրություններն ընդհատումներով են, ակնհայտ մոնտաժված է, հնարավոր է՝ այլ եղանակով գեներացված։ «Դա ձևակերպել քրեական մեղադրանքի տակ կարելի է միայն ամբողջական կոնտեքստը հասկանալու և երկարատև գործողությունների շուրջ տեղավորելուց հետո»,- ասել է նա։
Հրայր Սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության նախապատրաստության և իշխանության յուրացման նախապատրաստության հատկանիշներով, հայտնել է փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման աջակիցների տներում քննչական, վարույթային գործողություններ իրականացնելու պատճառը՝ «ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու» ծրագրին էր առնչվում, ինչը կանխվել է։ Կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր կառավարական կայքերի վրա կիբեռհարձակումների, զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու համար խմբերի ձևավորման, ինչպես նաև իշխանությունը փոխելու համար ուժի կիրառման սցենարների թույլտվության մասին ձայնագրություններ։
Իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործը հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա՝ որակելով այն պետության «Հեղաշրջման պլան»։