ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին իր կեցավայրից։ Այս պահին նրան ձերբակալում են՝ ՀՀ-ում իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների իրականացման կասկածանքով։ Ըստ հրապարակված կադրերի՝ իրավապահները կնքել են նրա կեցավայրի դուռը։
Իշխանության զավթման կասկածանքով Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին և «Սրբազան պայքար»-ին աջակցած մի քանի այլ արցախցիների նույնպես տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ձերբակալությունները, գրել է, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունն ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական խոշոր ու եղկելի պլանը»։
Ավելի ուշ «Սրբազան շարժումը» հրապարակել էր մյուս ձերբակալված անձանց ցուցակը։ Նրանք են՝ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյան, զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյան, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյան, Բագրատ արքեպիսկոպոսի կողմնակից Մովսես, գնդապետ Միհրան Մախսուդյան, գործարար Տիգրան Գալստյան, բլոգեր Արմեն Ալեքսանյան, Սյունիքի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը։
ՔԿ-ի մոտ փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնել է, որ բոլոր բերման ենթարկվածները 24 ժամվա ռեժիմով են ձերբակալել, ոչ թե 72 ժամվա, հետևաբար այս գիշեր կալանքի հարցը կորոշվի։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Քննչական կոմիտեն հայտնել էր շարժման աջակիցների տներում քննչական, վարույթային գործողություններ իրականացնելու պատճառը «ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու» ծրագիրն էր, ինչը կանխվել է։ Կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր կառավարական կայքերի վրա կիբեռհարձակումների, զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու համար խմբերի ձևավորման, ինչպես նաև իշխանությունը փոխելու համար ուժի կիրառման սցենարների թույլտվության մասին ձայնագրություններ։
Իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործը հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթուղթի հիման վրա՝ որակելով այն պետության «Հեղաշրջման պլան»։