Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգեր է ստացել, որ Հայաստանի մարզերում իրականացված ձերբակալությունների ընթացքում խախտումներ են արձանագրվել, ասված է հայտարարության մեջ:
ՄԻՊ-ի հանձնարարությամբ ստացված տեղեկություններն ուսումնասիրվում են՝ պարզելու ազատությունից զրկված անձանց իրավունքների հնարավոր խախտումները։
Ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժումը հունիսի 20-ին հայտարարել էր իր աջակիցների նկատմամբ զանգվածային խուզարկությունների և ձերբակալությունների մասին։ Այդ առթիվ իրավապաշտպանի գրասենյակ են հասել բողոքներ, որ որոշ դեպքերում ձերբակալվածների պահման վայրը որոշ ժամանակ հայտնի չէր։ Բացի այդ, հունիսի 18-ից մի քանի տրանսպորտային միջոց շարունակում է գտնվել ոստիկանության տարածքում։ Այս հարցով իրավապաշտպան Անահիտ Մանասյանը պարզաբանումների համար դիմել է պետական մարմիններին։
Հունիսի 20-ին ՆԳՆ ոստիկանությունը խուզարկություններ էր իրականացրել և ձերբակալել ՀՅԴ (Հայ Յեղափոխական Դաշնակցություն) կուսակցության և «Սրբազան պայքար» շարժման մի քանի ներկայացուցչի։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ ոստիկանությունն օպերատիվ տվյալներ էր ստացել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ավելի ուշ հայտնել էր, որ ոստիկանություն են հրավիրվել Երևանի երկու վարչական շրջանի նախկին թաղապետեր՝ Կենտրոնի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը և Նուբարաշենի նախկին ղեկավար Թելման Թադևոսյանը։